Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ժամանակակից քարոզիչներ

Ժամանակակից քարոզիչներ
25.02.2024 | 16:05

Ահա հագել է կոստյումը, նստել է տեսախցիկի առաջ և, ճարտար լեզուն բանեցնելով, ածականներով հագեցած նախադասություններ է ասում։ Հատուկ ընտրում է այնպիսի ածականներ, որոնք ականջ շոյեն կամ դրոշմվեն լսողի ուղեղի մեջ։ Հիմա շատ տարածված է օգտագործել ածականներ, որոնք փողոցային խուլիգանական բառապաշար էին ընդամենը տարիներ առաջ։ Եվ ամենակարևորն այդ ամենն այնպիսի կեցվածքով է ասում, որ հնարավորինս վստահություն ներշնչի։ Բայց աչքերը կկոցած է ասում, նրան և նրա նման շատերին թվում է, թե աչքերը կկոցելով ավելի խելացի են երևում։ Ո՛չ, խելացի չես երևում, խելացի և բարի մարդու աչքին առաջինը թվում է, թե տեսողությունդ լավ չէ, իսկ խոսքդ լսելուց հետո հասկանալի է դառնում, որ կկոցել ես աչքերդ որպեսզի չերևա գլխիդ մեջ եղած դատարկությունը։

Բա սրա կողքինը, սա էլ աչքերը չի կկոցել, բայց խոսքը նույնն է, ուղղակի աչքերը չռել է և բարձր է խոսում։ Գլուխը հիստերիկաբար այս ու այն կողմ տանելով տեսախցիկի առաջ՝ հնարավորինս զայրույթ է ցույց տալիս։ Աշխատում է որքան կարող է բարձր խոսել, որ ավելի համոզիչ երևա։ Ոչ խելացի ես երևում, ոչ էլ համոզիչ, խելացի մարդու աչքին առաջինը խղճահարություն ես առաջացնում, թվում է, թե հոգեպես անհավասարակշիռ ես, բայց խոսքդ լսելուց հետո հասկանալի է դառնում, որ պարզապես վատ դերասանություն ես անում, ինչը, ցավոք, շատ երիտասարդների, ովքեր կայանալու ճանապարհին են, համոզիչ է թվում։

Այս երրորդը քարոզիչի թենիսիստ տեսակն է՝ տնային շորերով, հնարավորինս ոչ սպորտային կազմվածքով։ Դաջվածք անող նկարիչի համար սևագիր հանդիսացող այս քարոզիչն ընտրում է իր ճաշակով հակառակորդ և, մատները թափ տալով տեսախցիկի առաջ, հայհոյանք է նետում հակառակորդի դաշտ։ Հակառակորդը մի քանի պատասխանելու եղանակ ունի. մեկը, որ «չի իջնում սրա ու սրա նմանների մակարդակին», մյուսն էլ պատասխան հայհոյանք է հետ շպրտում։ Երկու դեպքում էլ սա ավելի է ոգևորվում, և սկսվում է թենիսի մրցաշար, որտեղ գնդակի փոխարեն հայհոյանքն է։

Դասատու տեսակն էլ կա քարոզչի, ոչ թե ուսուցիչ, այլ հենց դասատու է կոչվում այս տեսակը, ուսուցչի հետ բացարձակապես կապ չունի։ Լրջագույն դեմքի արտահայտությամբ, տեսախցիկի առաջ սեփական օրինակով սովորեցնում են՝ ինչպես ճիշտ ուտել ուտելիքը, ինչպես ճիշտ խմել, ինչպես ճիշտ հարաբերություն ունենալ, թվում է, թե աբսուրդ է, բայց կան նաև նրանք, ովքեր սովորեցնում են ինչպես ճիշտ վեր կենալ աթոռից։ Մի պահ ինձ թվաց, որ պորտաբույծ հարևանս չի աշխատում, որովհետև նստել է աթոռին և չգիտի վեր կենալու ձևը։ Մեկ էլ այս պսևդոինտելեկտուալ տեսակը սիրում է սովորեցնել մարդուն, ով ինչ-որ հաջողության է արդեն հասել, թե ինչպես պետք է խոսի, ինչպես իրեն պահի՝ քննադատելով և արժեզրկելով նրա հաջողությունը։

Քարոզչի մեծահարուստ տեսակն էլ սովորեցնում է՝ ինչպես շատ փող աշխատել։ Եվ նրանց դասերը միշտ ավարտվում են այն կետում, որ շատ փող աշխատելու համար պետք է նպատակ դնել կամ փոխել կյանքը, մինչև անգամ ասում են, որ պետք է առավոտ շուտ արթնանալ։ Մնացածը թողնում են վճարովի դասերին, որտեղ դեռևս ոչ մեկը չի իմացել այդպես էլ շատ փող աշխատելու ձևը։ Ստացած գիտելիքները սահմանափակվում են այս կամ այն մեծահարուստի կենսագրությանը ծանոթանալով։

Սոցկայքերում և առհասարակ ամբողջ համացանցում այնքան շատ կան լավ նյութեր և որակյալ էջեր, որտեղից կարելի է ստանալ օգտակար տեղեկատվություն, կարելի է տեսնել որակյալ նյութեր, կլինեն դրանք գիտական, հումորային, սպորտային, թե այլ ոլորտի։ Խնայե՛ք Ձեզ և Ձեր ժամանակը, համացանցը բացառիկ հնարավորություն է, որը հասանելի է ժամանակակից մարդուն, օգտագործեք այն տեղին։

Գոռ ՍՅՈՒՆԵՑԻ

Դիտվել է՝ 3661

Մեկնաբանություններ